Արցախյան հանդիպումներից հետո ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ տիկնոջ հետ վերադարձավ Երևան: Հաջորդ օրը մեկնելու էին ԱՄՆ: Չնայած մեկնումից առաջ տիրող շտապողականությանը՝ նրանք սիրով արձագանքեցին իմ խնդրանքին՝ իրենց խոհերով հաղորդակցվել «Իրատեսի» ընթերցողների հետ: Խանջյան-Սայաթ Նովա փողոցների հատման տիրույթում գտնվող սրճարանի զովության, մեղմ երաժշտության ու համեղ սուրճի համապատկերում կայացավ երկուստեք հաճելի մեր զրույցը. թերևս ես էի փոքր-ինչ կաշկանդված՝ երկարատև թռիչքից առաջ նրանց հանգիստն ընդմիջելու համար:
ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ -Երբ դուք Արցախում էիք, ես ընթերցում էի ձեր «Հայելիներ» թատերախաղը, որը գրել եք 1993 թ.՝ անգլերեն, իսկ 2011 թ. թարգմանել եք հայերեն: Այն տպավորիչ հոգեբանական դրամա է, որի հերոսուհին՝ տարեց մի հայուհի, ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում և անտարբերացած իրականության ու իր իսկ կյանքի հանդեպ, մտքով վերադառնում է դեպի իր երիտասարդ հասակը, առաջին սիրո թրթռուն հույզերը, որ սակայն... Գրքի առաջին էջում գրված է. «Ձօն Մօրս և Անոնց, որոնց կեանքերը ընդհատուեցան 1915-ին և անոնց, որոնք ապրեցան վերհուշի մղձավանջով»:
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ- Թեև թատերախաղը նվիրված է մորս, որ 95 տարեկան հասակում իսկ դողով էր լցվում՝ վերհիշելով իր մանկության ահասարսուռ օրերը՝ Հայոց եղեռնը, սակայն այն ըստ էության նվիրված է համայն մարդկությանը, բոլոր նրանց, ովքեր թանկագին կորուստներ են կրել իրենց կյանքում: «Հայելիների» առաջին բեմադրությունը կայացավ 1993 թ. դեկտեմբերի 13-ին «Մայնըր Լաթհըմ» թատրոնում: Ասեմ, որ այն գրել եմ դստերս՝ Երազի թելադրանքով: Մորս պատմությունները ջարդի մասին նա լսել է մանկուց: Անդրանիկ բեմադրությամբ ինքը հանդես եկավ՝ որպես իր ավարտաճառ:
Ա. Ծ.- «Հայելիներ», «Սողոմոն Թեհլիրեան», «Վարդանանք», «Մեռնիլ Չգիտցող Անցեալը» «Հայրիկ», «Լոյսի Առաքեալը», «Հեթում արքա», «Երբ Արեւը Կը Լռէ» և մնացյալ թատերախաղերի վերնագրերը հուշում են, որ Հայոց ցեղասպանության թեման միշտ ձեր ստեղծագործական ծիրում է. երկար դարեր արյուն ու ավեր է եղել դրախտավայր մեր հայրենիքում, մասնատել, խլել են նրա տիրույթները, վայրագորեն ոչնչացրել մեր հոգևոր գանձերը, դրանք ստեղծող ժողովրդին... և ահա, երկար դարեր անց, Արցախյան ազատամարտի շնորհիվ, հայոց հողեր ազատագրվեցին: Դուք չէիք կարող չարձագանքել այդ նշանավոր իրադարձությանը, այդ մասին է ձեր «Ղարաբաղեան Ղօղանջներ» ներկայացումը: Ավելի քան 52 բեմադրության հեղինակ եք: Գրել եք, բեմականացրել, խաղացել ... Բեմադրել եք անգամ մեր բանաստեղծների պոեզիան՝ Ներսես Շնորհալու «Լոյսը», Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները, Ռուբեն Սևակի «Ջարդի խենթը», «Դանիել Վարուժանի «Հացին երգը», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը», Հովհաննես Շիրազի «Մայրը», հայ քնարերգության այլ գոհարներ: Ձեր էությունը պռնկեպռունկ լեցուն է հայրենապաշտ սարսուռներով, սիրով, նվիրումով... հավանաբար դուք երջանիկ մարդ եք, երջանիկ հայ... Հիմա, այս ակնթարթին ծնվեց հարցս՝ աչք եք բացել, ճանաչել ձեր ծնողների դեմքերը, զարմացած նայել անծանոթ աշխարհին... ո՞րն է ձեր մանկության ամենավաղ հուշը:
Հ. Մ.- Հայրս՝ Մանուկ Մարգարյանը, Վասպուրականի Շուշանց գյուղից էր, որը Վանին կից էր: Նա Շուշանցից Ամերիկա է հասել 1909-1910 թթ.: Երբ առնում է եղեռնի լուրը, վերադառնում է գյուղ, տեսնում է՝ կինը մահացել է, երեխան մահացել է... ՈՒ միանում է Զորավար Անդրանիկի խմբին: 1918 թ. գաղթում են Վասպուրականից, Պարսկաստանի վրայով անցնում Իրաք: Երբ մանուկ էի, Իրաքի Բասրա քաղաքի արվարձանում գտնվող մեր տուն էին գալիս, հավաքվում ջարդերից փրկվածները, ու ամեն ոք եղեռնի իր ցավալի պատմությունն էր պատմում: Ամեն գիշեր ես լսում էի այդ պատմությունները: Մայրս՝ Նունուֆարը, Վասպուրականի Տոնի գյուղից էր: Նրա հորը՝ Աբրահամին, կապել են իր ջրաղացին ու ամբողջ գիշեր ջրաղացի ջուրը պտտել է նրան՝ մինչև որ խեղդվել է ջրից: Մայրս՝ ծծկեր երեխան կապած մեջքին, քայլել է գաղթի ճամփեքով: Ֆիդայիները մի կողմից, թուրքերը մյուս կողմից՝ կռիվ, կրակոց... Կրակոցներից մեկը դիպել է երեխային: Մորս մայրը հարցրել է. «Նունո, երեխան ո՞նց է»: Մայրս ասել է. «Մամա, արյուն է գալիս»: Ծծկեր երեխան զոհվել է գնդակից՝ փրկելով մոր կյանքը: Հայրս, մայրս հանդիպում են Իրաքի Բասրայում, ամուսնանում են, ունենում ինը երեխա: Ես վերջինն էի: Չորս երեխան՝ երեք աղջիկ, մեկ տղա, մահանում են: Այդ տարիների փորձությունների մասին պատմությունները խորապես ճնշել են իմ մանուկ հոգին, ազդել ներաշխարհիս վրա: Նունուֆար մայրս ապրեց 105 տարի: Ամուսնացա, երկու երեխա ունեցանք: 1966 թ. ապրիլին ծնվեց որդիս: Կինս՝ Ժանետը, հարցրեց. «Անունն ի՞նչ ենք դնում»: Ասացի. «Կամք: Այս ամեն փորձություններից հետո՝ ապրելու Կամք»: Դուստրս ծնվեց նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացման օրը: Ասացի. «Սա էլ մեր երազն է, որպես խորհուրդ մեր երազած անկախ Հայաստանի՝ անունը Երազ դնենք»: Լավ զավակներ ունեմ: Տանը հայերեն են խոսում: Երազն ամուսնացել է: Երկու երեխա ունի:
Ա. Ծ.- Պատմեք ձեր մյուս զավակի՝ «Խրիմյան Հայրիկի» մասին: Բեմում դուք ասես իրական ապրում եք նրա կյանքը:
Հ. Մ.- Թատերախաղերից մեկը՝ «Հայրիկ՝ լույսի առաքյալը», գրել եմ 1986 թ. Նյու Յորքում և հենց այդ ժամանակ ներկայացրել հանդիսատեսին: Հանդիսատեսները սփյուռքահայեր էին: Նաև 19 րոպե տևողությամբ ֆիլմ նկարահանեցի, որտեղ ներկայացված են դրվագներ Խրիմյան Հայրիկի կյանքից: 2007 թ., նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ, առանձին գրեցի «Խրիմյան Հայրիկ» մենաթատրոնը: Երբ գրում էի, չէի պատկերացնում, որ մեր ժողովուրդն այդ աստիճանի ոգևորությամբ կընդունի այդ հսկայի կերպարը, որը մեր հոգեդավանանքի գագաթնակետն է: Զգացի, թե որքան այժմեական է նրա կերպարը: Պատմությունից գիտենք մեծն Ներսես Շնորհալի, ուրիշներ, բայց նրանք բոլորը թագավորներ ունեին: Խրիմյան Հայրիկը թագավոր չուներ: Նա պիտի պայքարեր օսմանյան կայսրության դեմ, ցարական Ռուսաստանի դեմ... Եվ իր առաջին քարոզն էր. «Հովիվ քաջ զանձն յուր դնե ի վերա ոչխարաց յուրո»: Սա Հիսուսի խոսքն է, որ Հայրիկը որպես բնաբան ընտրեց, որը դարձավ նրա կյանքի նշանաբանը:
Ա. Ծ.- Քսանհինգ տարի եղել եք Հայ բժշկական ֆոնդի վարիչ քարտուղարը: Ֆոնդի միջոցով կարևոր, անհրաժեշտ ծրագրեր եք իրականացրել Ստեփանակերտում, Մարտունի քաղաքում, Վանք գյուղում: Երևանում, մարզերում «Խրիմյան Հայրիկ» մենախաղը ներկայացնելուց հետո մեկնեցիք Արցախ: Պատմեք այդ այցելության մասին:
Հ. Մ.- 1995-ից սկսած՝ տարբեր կազմակերպությունների միջոցով Արցախին օժանդակող ծրագրեր եմ կազմակեպել: Հայաստանի անկախացումից հետո հիմնված Հայ բժշկական ֆոնդի միջոցով նույնպես նշանակալի գործեր են արվել: Այս այցիս եղա Արցախի դիրքերում: Զինվորների կամար հույժ կարևոր՝ մինչև հիմնական բուժօգնության հասնելը վիրավորի արյունը դադարեցնող բժշկական սարքեր տարա: Դրանցից ունեն միայն Ամերիկան ու Իսրայելը: Եթե ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին այդ սարքերից լինեին, մեր զոհերի 30 %-ը ողջ կմնար, վիրավոր զինվորը կկարողանար կանգնեցնել իր արյան հոսքը՝ մինչև որ օգնություն հասներ: Այցելեցի Մարտակերտի զորամաս: Եղա Մարտունիում, որտեղ Ամերիկայի հայերի «Ամերիկայի բժշկական խնամքի կազմակերպությունը»՝ «Հայաստան» հիմնադրամի հետ հոսպիտալի երկհարկանի նոր շենք է կառուցել: Մի քանի տարի առաջ այցելել էինք այդ հոսպիտալը, այն բացառիկ հնարավորություններ ունի: Ամեն տեղ հանդիպումները շատ հետաքրքիր անցան: Ստեփանակերտում խաղացի «Խրիմյան Հայրիկ»: Հանդիսատեսը կենտրոնացած, բացարձակ կենտրոնացած վիճակում էր: Չասեմ՝ ինձ հետ էր, Խրիմյան Հայրիկի հետ էր. «Հովիվ քաջ զանձն յուր դրեց... », և մենք՝ բոլորս, պետք է լինենք հետևորդն այդ սկզբունքի՝ քո հոտն է, պետք է ամեն պահ պաշտպանես հոտդ և ապահով տեղ հասցնես:
Ա. Ծ.- Միջուկային քիմիայի գիտակ, պրոֆեսոր, գրող, թատերագիր, դերասան, ինչպե՞ս եք համատեղում գիտությունն ու արվեստը...
Հ. Մ.- Գիտության և գեղարվեստի սկզբունքները գրեթե նույնն են: ՈՒղեղիս մի մասում գիտնականն է, մյուսում՝ արվեստագետը, և նրանք անվերջ մենամարտում են:
Ա. Ծ. -Ձեր երեք բաղձանքը...
Հ. Մ. -Առաջինը՝ հողին կառչել, հողը պաշտպանել, հայրենիքը չլքել, օգնել հայրենիքին. այսպես կասեր Խրիմյան Հայրիկը: Երկրորդը նույնպես Խրիմյանի պատգամներից է՝ հավատքին կառչել: Եվ երրորդ՝ Գութան չեղներ՝ աշխարհն ի՜նչ էր... Այսօրվա առումով՝ գութանը նաև մշակույթն է: Հող և մշակույթ: Մեր մշակույթով, իմացությամբ զարգացնենք հայկականը, հայրենիքը:
Ա. Ծ.- Թշնամին, երբեմն նաև ոչ թշնամին, լավով չի բնորոշում մեզ: Հայի ձեր բնորոշումը. ո՞վ է հայը:
Հ. Մ.- Ես չեմ կարող ասել, որ հայը ցած է: Եթե պատմության ընթացքում կարողացել ենք դիմակայել, հարատևել, ուրեմն վատով չպետք է բնորոշել մեզ, դա վատի հատկանիշ չէ: Նաև չեմ ասի՝ քեզ գերագնահատիր, մյուս ազգերին ստորադասիր: Հայերը մեծ մշակույթի զավակներ են, պետք է մեր գիրը, գրականությունը, մշակույթն օտարին հասանելի դարձնենք: Իմ պարտականությունը գրական արժեքները պահելը, տարածելն է: Մեր էության կնքարանը Հայաստանն է: Ամեն մարդ ճիգ պետք է անի, որ այս երկիրը բարգավաճի:
Բացի Խրիմյան Հայրիկից՝ իմ հերոսը հայ գյուղացին է, հողը մշակողը, հայրենիքը պահողը: Խոր հարգանք ունեմ նրա հանդեպ: Չնայած շատ բաներից զրկված են, Երևանի շքեղությունները չկան, մնում են կառչած մայր հողին: Նաև գիտակից մարդիկ՝ պատմաբանը, գրողը, արվեստագետը, արթնության կոչ անող պիտի լինեն: Եթե լրագրողն իր գործը չգիտնա, արթնության կոչ չուղղե, իր արածն իմաստ չի ունենա: Եվ ուսուցչի, դպրոցի դերն է կարևոր: Սրանք են հիմնական սյուները մեր կեցության: Ցավոք, մեր ժողովուրդը հայ ուսուցչի հանդեպ մեծարանք չունի: Հայկական սփյուռքում ուսուցչի ստացածը մի բան չէ, բայց նա նվիրված է սերունդ կրթելուն:
Ա. Ծ.- Ձեր ասելիքն Սփյուռքում ապրող հային...
Հ. Մ.- Եթե խորհուրդ մը պիտի տայի արտերկրում ապրող հային, կասեի, որ ամեն հայ օգնի, սատարի Հայաստանին իր կարեցածի սահմանում, ոչ թե խղճա, այլ ճիգ անի հայ ժողովրդի հետ լինելու: Պիտի նաև ասեմ, որ մեր պետությունը պետք է ստեղծի հնարավորություն, որ այլ վայրերում ապրող հայ երիտասարդները գան, ծառայեն Հայոց բանակում, ծառայեն սահմանում, թեժ գծում, դիպուկահարների դիրքերում: ՈՒր գնում, նայում ես՝ 18 տարեկան զինվորն իր զենքով, իր կյանքով ոչ միայն ինքզինքը կպաշտպանե, այլև բոլորին կպաշտպանե:
Ա. Ծ.- Շա՞տ է, թե՞ քիչ մարդուն տրված ապրելու ժամանակը: Երբևէ մտածե՞լ եք անմահության մասին: Բոլոր ժամանակներում և մեր օրերում էլ գիտնականները որոնում են դրան հասնելու ուղին:
Հ. Մ. - Կազանցակիսն իր հերոս Զոռբայի բերանով այսպիսի տող ունի. «Ես այնպես եմ ապրում, որ կարծես թե վաղը պիտի մեռնեմ»: Մարդ պիտի այնպես ապրի, որ հասցնի իր ծրագրած ամեն ինչն անել: Դանիել Վարուժան, Սիամանթո, Միսաք Մեծարենց... ի՜նչ տարիքի էին, ու ինչ եղավ: Աստված նախախնամությամբ ինձ օգնել է ուզում: Երջանիկ է նա, ով կարող է ասել՝ ես ամեն ինչ արեցի: Բայց այդպես անկարելի է, Սևակի բառերով՝ «անկատար տենչեր ունենք դեռ շատ»: Ֆրիկը շատ գեղեցիկ արտահայտություն ունի՝ «հանց մեծամեծ խորհուրդ արի, որ յավիտեան ոչ կատարի»: Մարդս ժամանակի հետ մրցում է: Կափսոսամ բոլոր չասված ու չիրականացած տենչերի համար...
Տիկին Ժանեթը, որ մեր զրույցի ամբողջ ընթացքում լուռ ու հաշտ ունկնդրում էր, թեթև ժպիտով առարկում է.
-Ամբողջը կարելի չէ: Տեղ մը բաց կը մնա։- Խնդրում եմ մի քանի խոսք ասի իր մասին: Խուսափում է։- Մի շեղվեք ձեր նյութից:
Հ. Մ.- Ժանեթը բժշկուհի է: Արդեն 25-30 տարի է, որ պրոֆեսորի կոչում ունի: Շատ կարևոր գործ է արածը: Երբ վիրահատության ժամանակ խնդիրներ են ծագում, վիրահատող բժիշկը չգիտե՝ ինչ անել, հանգույցից մի կտոր ուղարկում է լաբորատորիա: Երեք-չորս րոպեի ընթացքում Ժանեթը հստակ եզրակացություն է տալիս ուռուցքի վերաբերյալ: Բժիշկները վիրահատելիս նախ ճշտում են՝ Ժանեթն ու՞ր է... 20 տարի է, որ աշխատում է Նյու Յորքի «Քոռնել» բժշկական համալսարանում: Այն 1800-ական թվականներին Քոռնել անունով մեկն է հիմնել:
Ա. Ծ.- Մասնակցել եք դեպի Էրգիր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ղեկավարած ուղևորությանը: Ձեր «Քարաձայն պատարագ»-ում հայոց դժվարին ճակատագրի, կրած անլուր ցավերի, երբեմնի կյանքով լի հայոց շեների ամայության հոգեցունց պատկերը կա.
Քամին կսուլե,
Խոտը կպարե,
Ջուրը կվազե,
Քարաձայն ցավ է
Այս պատարագը:
Ղողանջը՝ լռած,
Խունկը՝ մոխրացած,
Եվ խաչը՝ խաչված,
Քարաձայն ողբ է
Այս պատարագը....
Հ. Մ.- Սփյուռքը տասնամյակների պատմություն ունի, մինչդեռ դրան նախորդող հազարավոր տարիների պատմություն ունենք, որ մեր նախնիները կերտել են իրենց հայրենիքում: Դա էրգիր իմ միակ այցելությունը չէր: Այցելություններս մեկ նպատակ էլ ունեն՝ տեսնել, թե Թուրքիո մեջ ինչպես են վերաբերվում մեր պատմական հուշարձաններին: Ամբողջ Արևմտյան Հայաստանում միայն Մուշում է, որ հայեր են ապրում, երկու գյուղ կա, որտեղ պատկառելի թվով հայեր են ապրում: Ինչ վայր էլ այցելել եմ, ինչ տեսել եմ՝ Խծկոնքի, Ախթամարի եկեղեցիները, Սուրբ Կարապետ վանքի անդամահատված, ցնցող պատկերը, Սուրբ Առաքելոց վանքի ավերակները... անպայման արձագանքվել են հոգուս մեջ բանաստեղծության տողերով:
Ա. Ծ.- Խրիմյան Հայրիկի ծրագրային աշխատություններից է «Պապիկ և Թոռնիկ»-ը, որի նյութը նա քաղել է, ինչպես ինքն է ասել, «Վասպուրական երկրի շինական ժողովրդի ծաղիկներեն»: Հայրիկը շատ էր կարևորում գրի, գրականության տարածումը գավառի ժողովրդի շրջանում, մատաղ սերնդի դաստիարակության գործում: Դուք էլ Խրիմյան Հայրիկի պես՝ սիրով, նվիրվածորեն երկարամյա աշխատանք եք տարել Սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակության գործում: Ավելին, հեռավոր Նյու Յորքից եկել, շրջում եք Հայաստանում, Արցախում, խաղում «Խրիմյան Հայրիկ»: Հիշում եմ ներկայացումից առաջ մի տիկնոջ զարմանքը՝ անվճար ներկայացու՞մ... Նյութապաշտ այս օրերում այնքան էլ զարմանալի չէր նրա զարմանքը:
Հ. Մ.- «Խրիմյան Հայրիկ» խաղն իմ ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65-ամյա հոբելյանների նվերն է իմ ժողովրդին: Պատասխանը տեսա նաև Ստեփանակերտում՝ դահլիճում նստածների հայացքներում. դա ամենամեծ նվերն էր իմ հոբելյանին:
Ա. Ծ.- Ձեզ ճանաչողներն ասում են՝ տարիքը Հրանտ Մարգարյանի համար չէ, որ իրենք մեծանում, փոխվում են, իսկ դուք միշտ նույնն եք՝ առույգ, եռանդուն, նպատակասլաց... Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ հայրենապաշտ մտահղացումների իրականացման ճանապարհին, թող շատ հայ պատանիների ու աղջիկների վիճակվի հիասքանչ հանդիպումը ձեր կերտած Խրիմյան Հայրիկի հետ: Դուք էլ Խրիմյան Հայրիկ եք՝ Հրանտ Մարգարյան անունով: ԵՎ խորին շնորհակալություն բոլորի անունից՝ սահմանագծում կանգնած զինվորի համար Ձեր բերած այնքան կարևոր բժշկական սարքերի համար:
Զրուցեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ